Զատուլինը «Մոսկովսկի Կոմսոմոլեցում». Պատգամավորը պատրա՞ստ է դատապարտել Ռուսաստանի «մեղսակցությունը» հայոց ցեղասպանությանը

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա
23:18 09.12.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 618

Մաս 1

Հայերի կապիտուլյացիայի պլանը ձեռքին՝ Սերգեյ Լավրովի մաքոքային ակտիվությունը, ԱԳՆ եւ, ի դեմս Մեծ Հայրենականի պատմության խմբագիր Սերգեյ Շոյգուի, ՊՆ մակարդակով Գարեգին Նժդեհի դեմ պաշտոնական արշավանքը, ինչպես նաեւ գազային օղակը «պարտքերի» դիմաց ջրի գնով հանձնված երկրի վզին հնարավոր է ընդամենը վատ վարչարարություն թվան: Իրական է, սակայն, Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված գոյական սպառնալիքը:

«Ֆաշիստ» Նժդեհի պատումը քաղաքական, ռազմական եւ տնտեսական նույնիսկ նման թանձրության շաղախի մեջ կարող է ներկայանալ իբրեւ տարօրինակ չափազանցություն: Ավաղ, այդպես չէ, քանզի ետգաղութային վարչարարության հայտնի կաղապարները Ռուսաստան-Հայաստան զույգի համար տիպական լինել չեն կարող: Պետության վրա ճնշումի, քաղաքական ինստիտուտների վարկաբեկման եւ ժողովրդի ազգային զգացմունքների վիրավորման տգեղ երեւույթների ակունքը երկու երկրների փոխհարաբերության յուրահատկությունն է:

Ռուս–հայկական հնից եկող հարաբերության նորագույն շրջանի յուրահատկության անվանումը ցեղասպանություն է: Ընդ որում, Ռուսաստանն այստեղ ամենեւին թուրքական ագրեսիայի ու վայրագությունների «մեղսակիցը» չէ, այլ դրանց դրդողը, կազմակերպիչը եւ ֆինանսավորողը, միով բանիվ՝ առաջին ջութակը:

Այս իրիղության գիտակցությունը կարող է բացատրել ներկայիս կոշտ իրադարձությունների՝ հայերի համար ծայրահեղ վտանգավոր տրամաբանությունը: Այդ վտանգը կանխորոշվում է ԽՍՀՄ փլուզումով եւ մայրցամաքային գաղութային շրջանի ավարտով: Այլ կերպ ասած, հիմա 1965 թիվը չէ, երբ մետրոպոլիայի համար ընդունելի եւ, նույնիսկ, անհրաժեշտ էր ճանաչվում Ծիծեռնակաբերդում եղեռնի զոհերի հուշարձանի կառուցումը եւ սգո երթերի կազմակերպումը:

Սովետական ռեպրեսիվ լծակների բացակայության պայմաններում Ռուսաստանը հակված է նորից 1921 թվականի ուղին բռնել՝ հայերի համար դրանից բխող բոլոր հետեւանքներով: Էրդողանի Թուրքիայի հետ գրեթե միամարմին վիճակը պայմանավորված է նաեւ 2021-ի մոտեցմամբ: 2021-ը Ռուսաստանի «թուրքահպատակեցման» կատալիզատորն է: Դրության վրա հայկական կողմի ազդեցության հնարավորությունները՝ առկա եւ կորսված, արժանի են մանրակրկիտ դիտարկման:

Հասկանալի է, որ հայերի եւ հայ պետականության համար ճակատագրական իրադարձությունները կոռեկտ չէ սահմանափակել 1915-1917 թվականներով եւ Տաճկահայաստանով: Դրանք 1917-1923 թվականներին ծավալվում էին ոչ միայն Օսմանյան, այլեւ Ռուսական կայսրության տարածքների վրա, որոնց տիրապետում էին նախ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այնուհետեւ, համատեղ ագրեսիայի շնորհիվ՝ Անգորայի թուրքական կառավարությունը եւ ՌՍՖԽՀ/ՌԽՖՍՀ կառավարությունը:

Ռուսաստանի՝ իբրեւ առաջին ջութակի դերը Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի ռուս-թուրքական օկուպացիայում, 1920թ. Սեւրի պայմանագրի դրույթների իրականացման ձախողման, միացյալ Հայաստանի տարածքային ջախջախման, ինչպես նաեւ սովետականացած ողջ Անդրկովկասում հարյուր հազարավոր հայերի ոչնչացման եւ բռնագաղթի փաստը կտրականապես հերքվում էր սովետական պաշտոնական քարոզչության կողմից: Իրողության բացահայտման հրապարակային որեւէ փորձ քրեական օրենքի կողմից որակվում էր իբրեւ հակասովետական: Գիտական լեգալ հետազոտություններն ընթանում էին ՊԱԿ առաջին վարչության հսկողությամբ եւ գաղտնիք են ներկայացնում մինչեւ հիմա:

1921թ. Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը ՌՍՖԽՀ եւ քեմալական մեջլիսի՝ ԹԱԲՄ կառավարությունների միջեւ եւ մեծ տերությունների արդեն լայն համաձայնության արդյունք՝ Լոզանի 1923թ. պայմանագիրը ցեղասպանության գագաթնակետ եւ իսկական տապանաքար դարձան հայ վերածնվող պետականության, ճերմակին տվող ավելի քան 2 միլիոն զոհերի աճյունի վրա, բուն Հայաստանի՝ Անատոլիայի եւ Միջագետքի հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրերի վրա:

Ավելորդ իրավական տեսիլներից ոմանց հետ պահելու նպատակով նկատենք, որ ժամանակակից ռուսական պետությունը, որ 1991-ին ՌԽՖՍՀ-ից ՌԴ անվանափոխվեց, առաջին պայմանագրի անմիջական կողմն է, իսկ երկրորդի մասնակից՝ ԽՍՀՄ իրավահաջորդը: Որեւէ սուբյեկտային ճողվածք չկա նաեւ թուրքական կողմից: Մինչդեռ, Հայաստանը պետական հանգամանքով այդ բանակցություններին չի մասնակցել: Գյումրու եւ Կարսի պայմանագրերի պարագային հայկական սուբյեկտության մասին հասկանալի պատճառներով եւս հնարավոր չէ խոսել:

Հայաստանի եւ հայերի վերաբերյալ, մասնավորապես ժողովուրդը իր պատմական հայրենիքից առավելագույնս հեռու սփռելուն ուղղված՝ Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կայացած բանավոր կամ գրավոր լրացուցիչ արձանագրությունների մասին տվյալները առայժմ պատկանում են ԶԼՄ հարթությանը: Հիշյալ պայմանագրերը մինչ այժմ էլ որոշում են նվազագույնը 10 միլիոն հայերի ճակատագիրը: Ծպտյալների եւ էթնիկ սուբստրատ ներկայացնող համույթների հաշվառումը, ընդհանրապես, դյուրին չէ:

Պարզ չէ նաեւ 1921թ. Մոսկովյան պայմանագրի՝ Լենին-Աթաթուրք պակտի գործողության ժամկետը: Այս պակտը գտնվում է իրեն նման գործարքների շարքում: Դրանցից է 1878թ. Կիպրոսյան գաղտնի կոնվենցիան, որի գործողությամբ Մեծ Բրիտանիան սուլթան Աբդուլ Համիդին աջակցություն ցուցաբերեց Սասունի եւ Կիլիկիայի հայության կոտորածներ իրականացնելիս՝ Կիպրոս կղզու վրա բրիտանական պրոտեկտորատ հաստատելու դիմաց: Նույն շարքից է 1938թ. Մյունխենյան համաձայնությունը «Չեխոսլովակիայի մասը՝ Գերմանիայի չհարձակվելու դիմաց» եւ 1939-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը «Լեհաստանի, Ռումինիայի եւ Ֆինլանդիայի արեւմուտքը՝ ԽՍՀՄ Գերմանիայի վրա չհարձակվելու դիմաց»: Այս պակտերի հիմքը ամրացված է գործարքային յուրահատուկ շաղախով, որի դերում հանդես է գալիս կողմերի կողմից զոհ նշանակված միլիոնավոր մարդկանց արյունը:

Գարեգին Նժդեհը, որի կերպարին Մոսկովսկի Կոմսոմոլեց ռուսական թերթում հոդված է նվիրել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ղեկավարել է Հայաստանի Հանրապետության դեմ ռուս-թուրքական ագրեսիայի, Լենին-Աթաթուրք պակտի դեմ զինված պայքարը: Այս հանգամանքը ազգային հերոսի վրա գրոհը դարձնում է Հայաստանի հանդեպ ճնշման եւ զրպարտության աննախադեպ համալիրի միանգամայն հասկանալի եւ օրգանական մաս:

Կոնստանտին Ֆեդորովիչի հոդվածին, որ անդրադարձել է Հայաստանի ներկայիս վիճակի եւ սփռված ժողովրդի համար Ռուսաստանի պատասխանատվության խնդրին, ինչպես նաեւ պատգամավորի Լազարեւսկի ճիգերի մասին կխոսենք առանձին: Բնականաբար, ռուսական եւ հայկական կենսական շահերի համադրության լույսի ներքո:

 

https://www.lragir.am/2019/12/09/500882/

error

Enjoy this blog? Please spread the word :)