Մոսկվայում վերջապես սկսեցին խոսել 1921 թ. պայմանագրի մասին

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկովսկի Կոմսոմոլեց պարբերականում հրապարակված հոդվածով անդրադարձել է Գարեգին Նժդեհի թեմային: Նա գրել է, որ Նժդեհը հերոս է Առաջին աշխարհամարտի տարիներին ծավալած գործունեության ու Թուրքիայի դեմ պայքարի համար, եւ արդարացիորեն չի վստահել նաեւ բոլշեւիկներին, քանի որ նրանք պայմանավորվել էին Աթաթյուրքի հետ, եւ դրա հետեւանքով Թուրքիային է բաժին հասել Կարսը, Արդահանը եւ այլ տարածքներ:

Խոսքը 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի մասին է, որի հարյուրամյակը լրանում է երկու տարուց: Ավելի վաղ այդ պայմանագրերի մասին խոսել էր ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, նշելով, որ Մոսկվան, այնուամենայնիվ, դրանից հետո երկու անգամ փորձել է դուրս գալ այդ պայմանագրից, սակայն փորձերը ձախողվել են:

Ռուսական քաղաքական-վերլուծական շրջանակներում այս պայմանագրերի մասին սկսեցին խոսել Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Այդ որոշման նշանակությունն ու այսպես ասած ունիվերսալիզմը հայկական միջավայրում կարծես թե առայժմ չի գիտակցվում միջազգային լայն համատեքստում, սակայն նույնը չի կարելի ասել Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի՝ 1921 թ. պայմանագրերի «շահառուների» մասին, որոնք հիանալի են հասկացել այդ հանգամանքը:

Բաքվում անմիջապես սկսեցին խոսել Նախիջեւանի մասին, իսկ Բաքվում Անկարայի դեսպանատան խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանը, որը որոշվել է 1921 թ. պայմանագրերով: Նա հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել այն բանից հետո, եթե Հայաստանը «ազատի Ղարաբաղը», ճանաչի Թուրքիայի հետ սահմանը եւ հրաժարվի տարածքային եւ այլ պահանջներից:

Հասկանալի է, որ Անկարայի հոգսը Ղարաբաղը չէ: Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը» նույնքան խոցելի է, Թուրքիան ու Ադրբեջանը կազմավորվել են Հայաստանից խլված տարածքների վրա, որի մասին խոսում է Զատուլինը:

Զատուլինը Երեւանում պատրաստվում է անցկացնել Լազարեւսկի կոմիտեի հերթական նիստը: Նախորդ նիստերից առաջ Լրագիրը հարց էր բարձրացնում այդ կոմիտեի հայ մասնակիցների առաջ՝ պատրաստվո՞ւմ են նիստերին բարձրացնել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հարցը: Կոմիտեի հայ մասնակիցները պարբերաբար ելույթներ են ունենում նոր իշխանությունների դեմ, նրանց մեղադրելով «ապազգային քաղաքականության» համար: Ահա, հիանալի առիթ է ցույց տալ սեփական ազգային բնույթը եւ բարձրացնել այդ պայմանագրի եւ հատկապես գաղտնի արձանագրությունների հարցը, առավել եւս, որ Զատուլինն ինքը խոսել է այդ մասին, եթե վախենում են Մոսկվայի բարկությունից: Իսկ թե ինչ կտա այդ թեմայի քննարկումը, նվազագույնը կարող են դիտարկել Արցախի խնդրում:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւի ընդունումից հետո Հայաստանի համար արտաքին քաղաքականության լայն հնարավորություններ են բացվում: Հայաստանը, հայկական հանրային-քաղաքական «իսթեբլիշմենտը», ԶԼՄ-ները ներքին ռազբորկաներից ազատ ժամանակ կարո՞ղ են մտածել այս մասին:

https://www.lragir.am/2019/12/09/500592/

error

Enjoy this blog? Please spread the word :)