BBC-ի թղթակցի սկանդալային հարցը ԱԳ նախարարին. Մի փաստաթղթի պատմություն

 

Հանրությունը շարունակում է քննարկել Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի BBC լրատվական ծառայությանը տված հարցազրույցը: Հարցազրույցը համարվում է եթե ոչ ձախողված, ապա առնվազն` անհաջող: Այդ կարծիքն են հայտնել պրոֆեսիոնալ դիվանագետներից ու վերլուծաբաններից սկսած մինչև շուկայում միրգ վաճառողն ու բակում նարդի ու փաստոն խաղացողները: Նույնիսկ իշխող քաղաքական խմբավորման արձագանքները բավականին զուսպ էին. գովեստներ ու հիացական գնահատականներ կարծես թե չեն հնչել: Չի բացառվում, որ ոմանց այդ հարցազրույցը նաև դուր եկած լինի:

Թերևս ամենից դիպուկ ու ընդգրկուն ձևով հարցազրույցում հայ նախարարի բացթողումները բնութագրեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ում դիտարկմամբ, “Մնացականյանը պետք է խոսեր փաստերով”: Ինչը տեղի չունեցավ: Ընդ որում, ամենևին էական չէ, թե դա տեղի է ունեցել ինչ-ինչ տեղեկությունների չտիրապետելու, իրավիճակում չկողմնորոշվելու, թե քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքին ենթարկվելու պատճառով:

Մենք, բնականաբար, չենք պատրաստվում համալրել ՀՀ ԱԳ նախարարին քննադատողների, առավելևս` նրան խորհուրդներ ու խրատներ տվողների շարքերը, այլ կուզենայինք խոսել այդ փաստեր ասած մի քանիսից: Խոսքը Անգլիայի արտգործնախարարության` հարյուր տարվա վաղեմության փաստաթղթերի մասին է: Այդ փաստաթղթերին ծանոթանալիս ամենաանտեղյակ ընթերցողին անգամ պարզ կդառնա, թե ինչ հիմքերով էր BBC-ի աշխատակիցը վճռականորեն արտաբերում, թե “Ղարաբաղը հայկական տարածք չէ”: Անդրադառնանք այժմ փաստերին:

Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը Անդրկովկասում տեղակայված իր ռազմական ներկայացուցչությանը Մուդրոսի զինադադարից ընդամենը օրեր անց հղել է 1918թ. նոյեմբերի 21-ով թվագրած մի հուշագիր: Այդ հուշագրին կցված քարտեզում Ղարաբաղի տարածքը առանձնակի  շրջագծված էր, իսկ ուղեկցող տեքստում էլ, մասնավորապես ասվում էր. Սարերում առկա է մեծաթիվ հայկական բնակչություն, որը պահպանել է իր ազատությունը Պարսկաստանից նախառուսաստանյան ժամանակաշրջանում և դիմագրավել է թուրք զավթիչներին վերջին մի քանի ամիսների ընթացքում: Պատմական պատճառներով այն (Ղարաբաղը- Վ.Հ.) պետք է անցնի Հայաստանին, սակայն այնտեղ (Ղարաբաղում- Վ.Հ.) առկա է նաև ուժեղ ադրբեջանական բնակչության տարրը: Ուստիև, որպես հարցի լավագույն և մշտական կարգավորում կարող է հանդես գալ մի շարք շրջաններում հայերի և ադրբեջանցիների տարանջատման իրականացումը` համոզելով ղարաբաղյան հայերին արտագաղթել Երևանի շրջան, իսկ երևանյան ադրբեջանցիներին` տեղափոխվել Ղարաբաղ… (Տես Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919թ.-հոկտեմբեր 1920թ.); Նյութեր և փաստաթղթեր, աշխատասիրությամբ` Վլադիմիր Հարությունյանի, Երևան, 2016, էջ 75):

Ընթերցողին երևի նախ պարզ է դառնում, թե ինչ պատճառով անգլիական հրամանատարությունը Մուդրոսի զինադադարից հետո դիմեց աներևակայելի ստերի և ուղղակի շանտաժի և ի վերջո թույլ չտվեց, որպեսզի Անդրանիկը իր զորախմբով մտնի Ղարաբաղ: Անգլիական կողմի այդօրվա կողմնորոշման և գործելակերպի մասին անկեղծորեն խոսվում է նույնիսկ այսօրվա ադրբեջանական դասագրքերում. В споре Азербайджана и Армении о Карабахе, Зангезуре и Нахчиване английское командование взяло сторону азербайджанцев (декларация генерала Шатерворта, апрель 1919 г. о распространении власти генерал-губернатора Хосров-бека Султанова на все уезды Карабаха и Зангезура и поддержке его англичанами)… (Նույն տեղում, էջ 76) :

Հայաստանի Առաջին Հանրապետության արգործնախարարության արխիվում 1919թ. սեպտեմբերի 16-ով թվագրված  բավականին միամիտ, սակայն պերճախոս մի փաստաթուղթում սևով սպիտակի վրա գրված է` … անգլիացիք Կովկասում իրենց ներկայության ամբողջ ընթացքում յեղել են վոչ անկեղծ դեպի մեզ և վարել սիստեմատիկաբար մուսուլմանական քաղաքականություն… Ղարաբաղի և նրա հարակից խնդիրներում գեն. Տոմսոն և իր գործակիցները և հաջորդները գործել են ոչ իրենց գլխու, այլ արտաքին և զորական Մինիստրությունների գիտությամբ և համաձայնությամբ… (Նույն տեղում, էջ 77) :

Հարյուր տարվա մեջ վերը նշված թեզերի առումով ոչ մի բան էլ չի փոխվել, ուստիև մեզ համար հասկանալի է, իսկ երկրի արտգործնախարարի համար միանգամայն սպասելի պետք է լիներ, որ դաժանագույն ու աղվեսաբարո դիվանագիտության կերտող երկրի ներկայացուցիչն այսօր էլ, առանց աչք թարթելու (բնականաբար, խղճի խայթի մասին տվյալ դեպքում խոսելը ծիծաղելի է) անխուսափելիորեն կարտաբերի, որ “Ղարաբաղըհայկականտարածքչէ”:

Ի դեպ, ուշագրավ է, որ այդ օրերին բոլշևիկների (առաջին հերթին` հայ բոլշևիկների) հնչեցրած մոտեցումները Ղարաբաղի հարցի վերաբերյալ ոչ թե համահունչ են, այլ ըստ էության միանգամայն համընկնում են անգլիական դիրքորոշման հետ, գրեթե բառացի կրկնելով այն. Ղարաբաղը (Ելիզավետպոլի գուբերնիայի կեսը), որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են հայերը, երբևիցե Ադրբեջանին չի ենթարկվել և նրա մասը չի հանդիսանում: Սակայն…. Ղարաբաղի բնակչության կենսական շահերը պահանջում են, որպեսզի նա լինի Ադրբեջանի կազմում… ( Վլադիմիր Հարությունյան, Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920 թթ., Փաստաթղթերի ժողովածու, Երևան, 2014, էջ 76):

Այստեղ էլ, ինչպես գիտենք, էական փոփոխություններ չեն կատարվել:

Մենք բերեցինք ընդամենը մի քանի փաստեր, որոնք բացահայտում են BBC-ի ամբոջ կեցվածքն ու զրույցը վարելու ուղղությունն ու տրամաբանությունը: Երբ են վերջապես մեր պետական այրերը կարողանալու նման զրույցների ընթացքը ուղղելու դեպի մեր շահերի տրամաբանության հունը: Թե չէ, ժողովուրդ ասածը իրենից կախված ամեն ինչն արել է…

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր

https://www.lragir.am/2019/10/31/489965/

error

Enjoy this blog? Please spread the word :)