ՍԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Թարգմանությունը ռուսերենից

 

Մասն 3-րդ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 6-րդ

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:

 

Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:

 

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:

Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:

Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հացերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:

 

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

 

Հոդված 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով:

Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը:

 

Հոդված 93. Հայաստանն ընդունում է, համաձայնվելով դրանք մտցնել Գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ, այն որոշումները, որոնք Տերություններն անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից:

Հայաստանը նմանապես համաձայնվում է Գլխավոր տերությունների հետ Պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

 

10 օգոստոս,1920թ.

Սեւր

 

——————————-

Պայմանագիր Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող պետությունների եւ Թուրքիայի միջեւ, որը ստորագրել են մի կողմից Թուրքիան, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հայաստանը, Չեխոսլովակիան, Սերբերի, Խորվաթների եւ Սլովենների թագավորությունը, Հեջազը:

 

——————————-

Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, ՙՀայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերումª 1828-1923թթ.՚, ՙՀայաստան՚ հրտ., Երեւան, 1972, էջ 672:

error

Enjoy this blog? Please spread the word :)