Արցախյան խնդրի բանակցային գործընթացը ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որոնց բացահայտումը ևս կարևոր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
http://nt.am/am/news/258625/
Արցախյան խնդրի բանակցային գործընթացը ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որոնց բացահայտումը ևս կարևոր է:
Այս մասին «Արցախյան խնդրի բանակցային գործընթացի վերանայման անհրաժեշտությունը նոր քաղաքական իրավիճակում» թեմայով «Նոյյան Տապան»-ում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ընթացքում նշեց «ՆՏ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նախաձեռնվել էր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի կողմից, իսկ մասնակիցներն էին մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով նման քննարկում կազմակերպելու նպատակը՝ Տ. Հարությունյանը նկատեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո շատ ոլորտներում որոշակի հարցեր վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, այդ թվում նաև Արցախյան խնդրի բանակցային գործընթացի առումով:
«Ըստ իս՝ այն ուղին, որն ընտրել են մեր իշխանությունները բանակցային գործընթացի հենց սկզբից, առաջին նախագահի կողմից և շարունակվել է նրա հաջորդների կողմից, իր մեջ ներառում է բավականին լուրջ ռիսկեր, և՛ ՀՀ ազգային անվտանգության, և՛ Արցախի անվտանգության տեսակետից»,- ընդգծեց Տ. Հարությունյանը:
Վերջինիս կարծիքով՝ Արցախյան խնդրի բանակցային գործընթացում կան թաքնված խութեր, որոնց հետևանքով Արցախյան հակամարտությունն ի սկզբանե ներկայացվել է խեղաթյուրված, իսկ բուն էության մասին չի խոսվել:
Վերոնշյալ թեմային անդրադառնալիս՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն ընդգծեց, որ իրենք հայկական նախորդ իշխանությունների կողմից Արցախյան խնդրի բանակցային գործընթացի շուրջ տարվող քաղաքականությունը գնահատել են բացառապես բացասական և համարում են, որ ողջ գործընթացն ընթանում է քաղաքական կոռուպցիոն դաշտում:
«Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային գործընթացի կողմ, իսկ Հայաստանը՝ գարանտ, մեզ համար այստեղ հնչեցին մտահոգություններ այն առումով, որ խնդիրը չէր ներկայացվում, թե Արցախը բանակցային գործընթացին մասնակցությամբ պե՞տք է շարունակի այդ պարտվողական գործընթացը, թե՞ պետք է քաղաքական բեկում մտցվի այդ գործընթացում»,- նշեց Մ. Ավագյանը:
Ըստ նրա՝ Արցախյան խնդրի բանակցային գործընթացը պետք է դուրս գա իր իսկ բնորոշմամբ՝ մինչ օրս տարվող պարտվողական ճանապարհից, որովհետև բացասական հետևանքները բազմաթիվ են:
Մ. Ավագյանի համոզմամբ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը հենց այնպես Խորհրդային միությունից կամ Ադրբեջանից անջատվելու հետևանք չէ, այլ ինքնապաշտպանության և հետագա ցեղասպանություններից խուսափելու պոռթկում:
«Մենք պետք է այսօր հստակ հասկանանք, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն իրենց արտաքին ռազմավարությունը մշակում են բացառապես մեր ցեղասպանությունը վերջնակետին հասցնելու ուղղությամբ: Հայությունն իր արտաքին ռազմավարությունն ուզի, թե չուզի մշակում է բացառապես այդ ցեղասպանությունից պաշտպանվելու ուղղությամբ, այսինքն՝ սա բերում է նրան, որ այդ ցեղսպանական ակտի ընթացքում՝ 1987-92 թվականներին առաջացած ավելի քան 660 հազար փախստականների ճակատագիրն այսօր արհամարված է, նրանց քաղաքացիական իրավունքները ոտնահարված են»,- շեշտեց նա:
Մ. Ավագյանը հույս հայտնեց, որ նշյալ թեմայի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվող քննարկումների շրջանակներում կկարողանան մշակել Արցախյան խնդրի բանակցային գործընթացին վերաբերող քաղաքագիտական փաթեթ, որը կառաջարկվի գործող կամ նոր ձևավորվելիք իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան — Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից