Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին  

 

11-ը հունիսի 2017 թ. գումարված Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի

(Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում կայացված որոշումների կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի դեմ ուղղված անօրինականության երկու փորձերի մասին իրականացված 2014 եւ 2017 թվականներին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը անօրինականության ու ապօրինության գործողություններին ու փաստերին առընչվել է երկու անգամ՝ 2014 թ. եւ 2017 թ.:

ա) Մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին, ընկերներին ու գործընկերներին հիշեցնենք, որ անօրինականության առաջին գործողությունը իրականացվել է 2014 թվականի հուլիսի 21-ի, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կայացրած անվստահության որոշման (համաձայն` «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի) (11.06.2014), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրի (03.07.2014) եւ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման (22.07.2014) հիման վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (այժմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն) Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ, կայացրել ապօրինի որոշումներ ու անօրինական նշանակումներ, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակել, որից հետո այդ ամենը փորձել է ներկայացնել, իբրեւ թե իրավական ու իրավաչափ մի գործընթաց:

Այդ հարցով մենք հանդես ենք եկել շուրջ 21 հայտարարություններով, հրապարակումներով ու հոդվածներով: Վերոհիշյալ պարբերության մեկ հատվածը վերցված էր «Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը» հրապարակումից (16.11.2014 թ.):

2017 թ. հունիսի 15-ին Արամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի շարժառիթը պարզապես առիթից օգտվելն է, որտեղ իրողությունները կրկին կեղծված են, իսկ նպատակը մեկը՝ «իրավաչափության» շունչ ու բնույթ հաղորդել անօրինականության հիմքի վրա ձեւավորված ինքնաստեղծ իր կառույցին (Արեւմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության եւ ազգային ժողովի համատեղ հայտարարությունը):

Մյուս կողմից, առանց հատուկ ճիգի, իբրեւ թե անշահախնդիր դիտորդի կարգավիճակով, Արամ Մկրտչյանի կողմից հրամցվում է կարծես դիմակայության երկրորդ ճակատը, հավանաբար պահը հարմար նկատելով, բայց դա ճիշտ կլիներ, եթե 1-ին գումարեինք 1 ու բնականաբար ստանայինք 2: Սակայն այս դեպքում քանի որ գործ ունենք երկու անօրինականությունների հետ, ապա նրանց գումարը տալիս 1, այսինքն՝ անօրինականությունը նույնական է, մեկն է, ուստի դրա դեմ պայքարն էլ մեկն է ու միանշանակ է:

Սակայն, ֆեյսբուքյան ոճով պարզամիտ ձեւակերպումների, մտքերի ու բառակույտերի միջոցով հայտարարություններ ու հրամանագրեր կազմելը, դրանց տակ ստորագրելը որպես «վարչապետ» ու «պետության գլուխ», ինքնաշեն կնիքների ու զինանշանների գործածությունը, որպես պաշտոնականության ու պետականության անպայման պայման, չեն կարող շտկել եւ կամ փրկել իրավիճակը, որովհետեւ երբ փաստերի հետ գործ ունես, ապա նրանք համառ են եւ արձանագրում են, որ Արամ Մկրտչյանը այդ պահին՝ 2014-ին, ստեղծված իրավիճակից անպայման ելք գտնելու ձգտումով դիմել է անօրինական ու ապօրինի քայլերի, ավելի ուշ ինքը նույնպես ինքնաստեղծ ու ապօրինի Սահմանադրության օրինակի ընդունումով, դրանցով ակամա կանխորոշելով հետագա գործողությունների ու ճանապարհի անօրինականությունը մինչեւ այսօր:

Միջազգային դիվանագիտական հարաբերությունների դերակատարներն ու մասնակիցները խուլ ու համր անտեղյակներ չեն եւ այս հարցերը, եթե նույնիսկ մենք չբարձրացնենք այսօր, յուրաքանչյուր հարմար պահի նրանք են բարձրացնելու՝ զատորոշելով օրինականը անօրինականից ու դրանց համապատասխան կողմնորոշվելու ու որոշումներ կայացնելու: Ապօրինի հիմքերով ձեւավորված կառույցների հետ գործ բռնելը անվտանգ գործ չէ:

բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ անօրինականության երկրորդ գործողությունը իրականացվել է 2017 թ.: Դրա առաջին քայլը, ինչը կարելի է կոչել սողացող «հեղաշրջման փորձ», ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման փորձ՝ իրականացման է դրվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի կողմից ստորագրվել են ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի ու ինքնաստեղծ Սահմանադրության օրինակի վրա: (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին)

Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Վարչապետի հրաժարականի մասին:

Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հրաժարականի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը, բացատրություններն ու պատճառաբանությունները նույնպես իրականությանը չեն համապատասխանում, եւ կեղծված են: Դրանք միտված են մի կողմից քողարկելու եւ մյուս կողմից արդարացնելու ինքնաստեղծ ապօրինի Սահմանադրության վրա շինված ապօրինի ու նախադեպային երկու հրամանագրերը վարչապետի պաշտոնից ազատելու, կառավարությունը ցրելու եւ նոր վարչապետի նշանակման:

Հարցի նախապատմությունը հետեւյալն է: 2017 թ. հունվարի սկզբին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ մի առանձնազրույցում հայտնեցինք մեր մտահոգությունները առ այն, որ տեւական մի ժամանակահատված է, շուրջ երկու տարի, ինչ փոխված է նրա կեցվածքն ու վերաբերմունքը, ինչպես նաեւ գործելաոճը ընկերների ու գործընկերների, պաշտոնյաների ու պատգամավորների եւ, համապատասխանաբար, նրանց կողմից ձեռնարկված ցանկացած նախաձեռնության ու գործունեության նկատմամբ: Նշեցինք նաեւ, որ եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում՝ հունվար, փետրվար, մարտ, իրավիճակը արմատես չփոխվի, ապա հրաժարական ենք ներկայացնելու: Կարծում էինք, թե հրաժարականի մասին սպառնալիքը սթափվելու եւ իրավիճակը փոխելու հնարավորություն է ընձեռելու այժմ արդեն նախկին նախագահին:

Առանձնազրույցից մեկ շաբաթ անց ներկայացրինք հրաժարականի դիմումը, որը գրված էր 10 հունվար 2017-ին, բայց թվագրված 30 մարտ 2017-ով, այսինքն՝ այն եռամսյա ժամկետով, ինչով պայմանավորել էին փոփոխություններ իրականացնելու մեր առաջարկը: Ահա դրա բովանդակությունը.

«Պարոն նախագահ

Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնից՝ ազգային — ազատագրական պայքարի գործընթացում այլ պատասխանատվություն ստանձնելու որոշման կապակցությամբ:

Տիգրան Փաշաբեզյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»

Երկու օր անց, 12 հունվար 2017-ին մեկ այլ գրությամբ հետ վերցրինք հրաժարականի դիմումը: Գրությունը բաղկացած էր 6 կետից, որից ներկայացնում ենք 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերը, որոնք առավել կարեւոր են իրենց շեշտադրումներով:

  1. «Հետ եմ կանչում վարչապետի հրաժարականի մասին դիմումը ուղարկված 10 հունվար 2017 թ., որ նախօրոք մեր պայմանավորվածության համաձայն թվագրել էի 30 մարտ 2017 թ.-ով, այսինքն՝ երեք ամսվա պայմանաժամկետով:
  2. Վարչապետի հրաժարականի դիմումը հետ կանչելը պայմանավորված է, այն մտահոգությամբ, որ չի կարելի այս պատասխանատու պահին համակարգը թողնել առանց հիմնական դերակատարների, առանց նրանց ում ուսերին ու ում ջանքերով է իրականացվել մինչեւ այսօր կայացած բոլոր աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ համակարգի երեք պատասխանատուներից մեկի հետ քննարկումների վերջնաարդյունքով:
  3. Կարեւոր հանգամանք է, որ ընտրությունների արդյունքում մեր ստանձնած պարտավորությունն ու պատասխանատվությունը իրականացնենք մինչեւ վերջ, թեկուզ մինչեւ ընտրությունների սահմանած ժամանակը, հինգ տարվա ժամկետում:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»

Այնուհետեւ, 2017-ի հունվարի 10-ից եւ հունվարի 12-ից անցնում է ոչ միայն պայմանաժամի եռամսյա ժամկետը, այլեւ եւս երեք ամիս եւ հրապարակվում են վերոնշյալ ապօրինի հրամանագրերը, հիմնված անօրինական — ինքնաստեղծ Սահմանադրության վրա: Ոչ մի բացատրություն հունվարին ներկայացված առաջարկի վերաբերյալ, այն իմաստով, թե ինչ որ բան փոխվել է արդյո՞ք այժմ արդեն նախկին նախագահի վարքագծում եւ կամ փոխվելո՞ւ է ընդհանրապես: Ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն:

Ոչ մի պատասխան ու բացատրություն նաեւ մեր այն պնդումներին ու հորդորներին, թե չի կարելի միանձյա ստորագրել եւ հաստատել անօրինական Սահմանադրությունը անցած մի թվագրումով՝ 9-ը մայիսի 2017 թ.-ով:

Բացատրությունների կամ քննարկումների փոխարեն, ինչպես արդեն նշեցինք հրապարակվում են ապօրինի ու անօրինական զույգ հրամանագրերը:

Պարզ է, որ երբ անօրինականության ուղին ես բռնում, դա կոծկելու համար այլ բան չի մնում անել, քան դիմել կրկնակի կեղծիքի, ինչպես եւ արվում է այս դեպքում:

Համակարգը տեսանելի ու անտեսանելի խութերից պաշտպանելու մեր այս նախաձեռնությունը այդ վերաբերմունքին արժանացավ ու ենթարկվեց կեղծիքի ու այլափոխումների, իբրեւ թե՝ «վարչապետն էր հրաժարական տվել, իսկ ես ընդամենը ընդառաջել եմ նրան»:

Այս դեպքում այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից կոպտորեն խախտվել է «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 44-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ վարչապետի նշանակումը եւ պաշտոնից հեռացումը հաստատում է միայն խորհրդարանը:

Ցանկալին իրականության տեղ է ընդունել, այնքան մեծ է եղել ընդդիմախոսությունն ու կառուցողական քննադատությունը չեզոքացնելու ձգտումը:

Կարծում ենք հիմա հասել է իր նպատակին, թեեւ բավականաչափ թանկ գնով՝ այժմ արդեն նախկին նախագահի կարգավիճակով:

Վարչապետի վերաբերմունքը այժմ արդեն նախկին նախագահի պարտադրած Սահմանադրության օրինակի նկատմամբ:

Գործընկերային ընդդիմախոսության ու քննադատության օրինակ է այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության տարբերակի մերժումն ու հիմնավորումը:

2017 թ. մայիսին հրապարկվեց Սահմանադրության ապօրինի օրինակը, որը, իբրեւ թե, ընդունվել է դեռեւս 2016 թ. մայիսի 9-ին, որից հետո Արմենակ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրվեց եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգին պարտադրվեց այն թեզը, որ ինքը ստորագրել, հաստատել ու վավերացրել է Սահմանադրության ինքնաստեղծ այդ օրինակը:

Նշենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար:

Իշխանության յուրացման փորձ է Արմենակ Աբրահամյանի կողմից պարտադրված Սահմանադրության ապօրինի օրինակի 107 եւ 162-րդ հոդվածների ձեւակերպումները, որոնցում նշված է՝

Յօդուած 107.

Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի:

Հոդված 162.

4-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան նախագահը կրնայ.

-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,

-ազատել վարչապետին:

Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի պարտադրանքը ի հայտ էր գալիս բոլոր հարկի ու անհարկի պարագաներում, առանձնազրույցներում, նիստերի ժամանակ, 4-րդ նստաշրջանին եւ այլ… Վերջին անգամ դա պարտադրվեց Նախագահության նիստի ժամանակ, որտեղ բանավոր արտահայտեցինք մեր անհամաձայնությունը, իսկ նիստից հետո պատրաստեցինք դրա գրավոր օրինակը, որը թվագրված էր 2017 թ. մարտի 16-ով:

Ահա այդ դիմումի ամբողջական տեքստը.

«Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին

Պարոն նախագահ

Ես որպես ԱՀՀ վարչապետ բանավոր հայտնել եմ իմ անհամաձայնությունը 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի օրակարգում ներառված ԱՀՀ Սահմանադրության ձեր առաջարկած տարբերակի ընդունման փորձի նկատմամբ, ընդգծելով երկու խնդիր.

ա) իմ անհամաձայնությունը ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի մի շարք հոդվածների նկատմամբ, այդ թվում՝ հոդված 107, 108, 162 եւ այլ, ինչպես նաեւ

բ) ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի ընդունման ու հաստատման ձեւի ու եղանակի կապակցությամբ, որը ենթադրում է Սահմանադրության ընդունում առանց Արեւմտյան Հայաստանի հայերի մեջ անցկացված հանրաքվեի:

Նշեմ, որ երկու դեպքում էլ հաշվի չի առնված ԱՀՀ վարչապետի վերջին շրջանում ձեր իսկ համաձայնությամբ իրականացված աշխատանքի արդյունքներն ու առաջարկները, եւ ձեզ ներկայացված Սահմանադրության նախագծի համապատասխան օրինակը, որը կարող էր համարվել որպես ԱՀՀ Սահմանադրության նախագծի 2-րդ ընթերցում, ինչպես նաեւ հաշվի չի առնված Խորհրդարանի նախագահության ու նախագահի պատրաստվող առաջարկները Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Ես որպես 1980 թ.-ից Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող, իսկ 2011 թ. փետրվարից որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին օր ու գիշեր լծված ու ծառայած մարդ չեմ կարող ընդունել այն փորձերը, որոնք խախտում են ԱՀՀ պետական համակարգի թեւերի արդյունավետ համագործակցության հնարավորությունն ու հավասարակշռությունը եւ ամբողջ իշխանությունը փորձում են կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում, այս դեպքում՝ ԱՀՀ նախագահի:

Ինչպես նաեւ չեմ կարող ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում բազմաթիվ հռչակագրեր, հրամանագրեր ու օրենքներ՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին համապատասխան պատրաստելուց ու հաստատելուց հետո այժմ, ամենապատասխանատու պահին, փորձ է արվում Սահմանադրության անընդունելի օրինակի հաստատման փորձ ձեռնարկել՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին հակառակ:

Դա ԱՀՀ պետական համակարգի համար կարող է ունենալ անկախատեսելի բացասական հետեւանքներ եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության ոլորտներում, ինչը բնականաբար անընդունելի է ու մերժելի հիմքից:

Մինչեւ վերջ հավատարիմ մնալով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին՝ հարկ համարեցի իմ սկզբունքային անհամաձայնությունների վերաբերյալ տեղյակ պահել ձեզ նաեւ գրավոր, որոնք բանավոր արտահայտել եմ 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի ժամանակ:

Այս գրության մեկական օրինակ ուղարկված է նաեւ Արեւմտան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»

Սույն դիմումը գիտակցաբար չենք հրապարակել ու տարածել առանց այն էլ լարված իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու ակընկալիքով, սակայն իրադրությունը մնաց անփոփոխ, Արմենակ Աբրահամյանը այդ ամենին անհաղորդ, ինքնավստահ ու անտարբեր:

Երեք ամիս անց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից հրապարակ բերվեց ինքնաստեղծ Սահմանադրության հիմքի վրա ձեւակերպված զույգ անօրինական ու ապօրինի հրամանագրերը, որոնք էլ առիթ հանդիսացան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծված այս նոր իրավիճակի ու նաեւ դրա հանգուցալուծման, ինչը իրականացվեց Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում եւ միանգամայն օրինաչափ կերպով ավարտվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունների դադարեցմամբ:

Կյանքում պատահականություններ չեն լինում, առավել եւս 5-րդ նստաշրջանում կայացված որոշումները պատահականության արդյունք չէին, այլ խորապես կշռադատված ու պահանջված ակտեր:

Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ միտված էին կարգավորելու հետեւյալ խնդիրները.

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին,

բ) պաշտպանելու համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը,

գ) պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:

Փաստերն անողոք են եւ, ըստ այդմ, պարզորոշ է, որ իրավաչափության եւ օրինականության ճանապարհով ընթացել եւ այս պահին ընթանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական այն համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:

Նրանք խոստացել են պահպանել ու բարձր պահել օրինականության եւ իրավունքի նշաձողը:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

20.06.2017 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)