ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Քաղաքականություն — 12 Փետրվարի 2018, 09:21
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձում նշել է, որ Սիրիայում պատերազմը մտել է ավելի արյունալի փուլ, որին զոհ են գնում հազարավոր խաղաղ բնակիչներ: Վերջին օրերի իրադարձությունները հաստատում են այս պնդումը, եւ կարելի է արձանագրել, որ այն պահից, երբ հայտարարվեց Իսլամական պետության դեմ հաղթանակի մասին, պատերազմը ձեռք բերեց ավելի «անմիջական բնույթ»: Այսինքն, եթե Սիրիայում խոշոր խաղացողները ԻՊ «օրոք» պատերազմում էին միջորդավորված, տարբեր խմբավորումների միջոցով, ներկայում նրանք անմիջապես դուրս են եկել իրար դեմ:
Տարին սկսվեց Սիրիայում ռուսական բազաների դեմ հարձակումներով, այսպես կոչված ապաէսկալացիոն գոտու թուրքական հատվածից, որից հետո Թուրքիան անմիջական մտավ պատերազմի մեջ, հարձակում սկսելով քրդաբնակ Աֆրինի շրջանում: Թուրքական ավիացիայի հարվածների զոհ դարձան հազարավոր քրդեր:
Ռուսները Թուրքիայի պահանջով դուրս եկան այդ շրջանից, բայց ամերիկացիները հայտարարեցին, որ իրենք դուրս չեն գալու, չնայած Անկարայի պահանջին: Իրավիճակը լարվում էր, եւ ռուսները ստացան հերթական հարվածը՝ խոցվեց ռուսական ռազմական օդանավ, նույն թուրքական հատվածից: Ռուսները հայտարարեցին, որ թուրքերը կապ չունեն դրա հետ: Իսկ ամերիկացիները հայտարարեցին, որ Մանբիջի վրա հարձակման դեպքում իրենք հակահարված են տալու թուրքերին: Խոցվեց թուրքական ուղղաթիռ, Աֆրինում ռազմական գործողությունից ի վեր առաջին անգամ:
Դրանից հետո Թուրքիան մեկ օրում կորցրեց 11 զինվոր:
Դրանից հետո փաստացի ռազմական բախում եղավ Իրանի ու Իսրայել միջեւ: Իսրայելի օդուժն ի պատասխան անօդաչունեի հարձակման՝ ռմբակոծեց Սիրիայում Իրանի հենակետերը, սակայն հարձակման ժամանակ խոցվեց իսրայելական ռմբակոծիչ:
Ավելի վաղ, ամերիկացիների ռմբակոծությանը զոհ գնացին ռուս վարձկաններ, թեեւ Մոսկվային զգուշացվել էր այդ հարձակման մասին, իսկ Մոսկվան էլ հավաստացրել էր, թե այնտեղ ռուսներ չկան:
ԱՄՆ պետքարտուղարը պատրաստվում է մեծ շրջագայության տարածաշրջանում: Իրավիճակը բարդ է ու բազմաշերտ, ակնհայտ է, որ Սիրիայում ներքաշված խոշոր խաղացողները, մասնավորապես Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, որոնք Սիրիան բաժանել են «ապաէսկալացիոն գոտիների», շփոթության մեջ են եւ ընդունակ չեն պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Այս գործընթացներում առանցքային գործոնը քրդական հարցն է, ամերիկացիները շարունակում են զինել քրդերին, ըստ ամենայնի՝ արդեն օդուժի դեմ պայքարի միջոցներով, ինչն անկասկած բարձրացնում է դիմակայության մակարդակը:
Այս իրադարձությունների ֆոնին, երեկ Մոսկվայի մոտ կործանվեց ռուսական ինքնաթիռ, զոհվեցին անձնակազմի 6 անդամներն ու 65 ուղեւորները:
Ակնհայտ է, որ Իսլամական պետությունը Մեծ Մերձավոր Արեւելքում վերաձեւումների «նախապատրաստական փուլն» էր, որից հետո սկսվել է լարման նոր փուլը, երբ պատերազմի մեջ անմիջական ներքաշվում են խոշոր պետությունները: Հայաստանի սահմաններին շատ մոտ:
Արժե նշել, որ մեկնաբանելով արտահերթ ընտրություն անցկացնելու վերաբերյալ Ալիեւի որոշումը, նրա օգնականը հայտարարել էր, որ հնարավոր է «բացասական գործընթացները տեղափոխվեն այն տարածաշրջան, որտեղ գտնվում է Ադրբեջանը»:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/169986