18:11 • 02.02.18
ԱՄՆ կոնգրեսը կարող է լուրջ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, այս մասին գրում է թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ» պարբերականի վաշինգտոնյան թղթակից Ջանսու Չամլըբելը:
Լրագրողը պնդում է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում քուրդ զինյալների դեմ ձեռնարկվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև չափավոր լարվածությունը դեռ պահպանվում է:
Չամլըբելը պնդել է, որ Կոնգրեսը պատրաստում է պատժամիջոցների մի փաթեթ, որը կթիրախավորի ոչ միայն թուրքական արդարադատությունը, այլև տնտեսական ոլորտը: Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցների ենթարկվելիք անձանց ցուցակում լինելու են ոչ միայն դատավորներ ու դատախազներ, արդարադատության համակարգի աշխատակիցներ, այլև քաղաքական գործիչներ ու խոշոր գործարարներ:
Բացի այդ, Չամլըբելի տեղեկություններով, ԱՄՆ իշխանական վերնախավն այն կարծիքին է, թե թուրքական ԶՈւ-ն Աֆրինում կմնա մինչ ամառ և այնուհետև կարող է անցնել Մանբիջ, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականները:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
http://www.tert.am/am/