Աֆրինում Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից իրականացուող ռազմական գործողութեան վերաբերեալ: Իսկ ի՞նչ իրաւունքով են այդ զինուած ուժերն այնտեղ։

Որոնք էլ լինեն թուրքական կողմի բերած փաստարկերն ու արդարացումները` նախկինում Սիրիայի Արաբական Հանրապետութեան հիւսիսային սահմաններին «Եփրատի վահան», իսկ ներկայումս` «Ձիթենու ճիւղ» յորջորջմամբ Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի ռազմական գործողութիւնների ինքնակոչ նպատակների վերաբերեալ, իբր թէ` «ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի», կամ էլ իբր` «անվտանգութեան գօտու ստեղծման» նոյնքան կեղծ արդարացմամբ, միեւնոյնն է, մի բան յստակ է. իրականացուել է բացայայտ կամային-քաղաքական որոշում` ներխուժում սոււերեն երկրի տարածք: Հետեւութիւնը միակն է. Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերն այդ տարածքներում իրաւունք չունէին եւ այժմ էլ չունեն գտնուելու…:

Եւ ահա, թէ ինչու՛…

-Սան-Ստեֆանոյի (03.03.1878 թ.) եւ Բեռլինի պայմանագրերի (13.06.1878 թ.), ինչպէս նաեւ Մայիսեան բարենորոգումների ծրագրի (1895 թ.) պահանջների համաձայն` Օսմանեան Թուրքիան պարտաւորւում էր բարենորոգումներ իրականացնել Արեւմտեան Հայաստանում եւ Կիլիկիայում: Փոխարէնը, թուրքական երեք իրար յաջորդող կառավարութիւննէր` օսմանական, երիտթուրքական, քեմալական (1894-1923 թթ. ընթացքում) իրականացրեցին ցեղասպանութիւն եւ բռնագաղթ Արեւմտեան Հայաստանում եւ Կիլիկիայում:
-Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքուած Մուդրոսի զինադադարի (1918 թ. հոկտեմբերի 30) 16-րդ յօդուածի համաձայն` Թուրքիան պարտաւորւում էր իրականացնել. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազօրների յանձնումը դաշնակցային հրամանատարութեանը…, Թուրքական զօրքերի դուրս բերումը Կիլիկիայից»:
-Ռուսաստանի Կառավարութիւնը ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), (11 յունուարի 1918 թ.),
-Կիլիկիայի հայերը 1920 թ. օգոստոսի 4-ին հռչակագիր ընդունեցին Կիլիկիայի անկախութեան մասին:
-ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի համաձայն` թուրքական զինուած ուժերը պարտաւոր էին 1920 թ. նոյեմբերի 22-ից յետոյ դուրս գալ Արեւմտեան Հայաստանի չորս վիլայեթներից:
-Իրաւար վճռով որոշուած տարածքների հարցը Սեւրի խաղաղութեան դաշնագրի 89-րդ յօդուածում ձեւակերպուած է այսպէս. «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպէս եւ Բարձր պայմանաւորուող կողմերը, համաձայնւում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տէրիտորիաների ապառազմականացման վերաբերեալ»:
-«Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի մշտական, զինուած, դրական չէզոքութեան մասին» 2011 թ. մարտի 29-ին ընդունուած որոշման համաձայն` ինչը նշանակում է, որ թուրքական զինուած ուժերը իրաւունք չունեն գտնուել նուազագոյնը Վիլսոնեան Իրաւարար վճռով Հայաստանին յատկացուած այդ տարածքներում:

Հետեւաբար ժամանակն է ողջ աշխարհի ուշադրութիւնը հրաւիրել Թուրքիայի Հանրապետութեան լիովին հակաիրաւական եւ անօրինական այն բոլոր քայլերին, ըստ որոնց` Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերը
այ) շուրջ 98 տարի բռնազաւթուած են պահում Արեւմտեան Հայաստանը եւ Կիլիկիան,
բ) այդ նոյն բռնազաւթուած տարածքներից նոր եւ առաւել վտանգաւոր ագրեսիայի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի ժողովուրդների ու պետութիւնների համար:

Մերձաւոր Արեւելքի ժողովուրդների ու պետութիւնների ապագան սերտօրէն կապուած է միջազգային ընկերակցութեան ռազմաքաղաքական որոշումների ու քայլերի հետ: Վերջին 30 տարիների ընթացքում, ուժային տարբեր կենտրոնների աջակցութեամբ, վարելով «նէո-օսմանական» քաղաքականութիւն եւ հետապնդելով բացառապէս սեփական շահեր` Թուրքիայի Հանրապետութիւնը ինքն իրեն հաճոյքով ներքաշում էր միջինարեւելեան ռազմաքաղաքական ագրեսիւ ու վտանգաւոր հետեւանքներով գործընթացների մէջ: Ըստ այդմ, մինչեւ վերջերս նմանատիպ ծրագրերում բաւարարւում էր իսլամական ծայրահեղական խմբաւորումներին եւ ահաբեկիչներին աջակցելու ու զինելու, ուղղորդելու, հովանաւորելու եւ պատսպարելու… յայտնի չէ, թէ էլ ինչ գործողութիւններով: Սակայն թուացեալ անապացոյց այդ ծրագրերին հակառակ այժմ իրադրութիւնը էապէս փոխուել է, ինչի վկայութիւնն են Սիրիայի Հանրապետութեան հիւսիսային տարածքներում վերը նշուած հակաիրաւական զոյգ ռազմական գործողութիւնները Թուրքիայի Հանրապետութեան զինուած ուժերի կողմից:

Պարզորոշ տեսանելի է թուրքական իշխանութիւնների շահագրգռութիւնը` մասնակցելու տարածաշրջանի պետութիւնների մասնատման ու թուլացման գործընթացներին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ամբողջովին հակաիրաւական եւ անօրինական այս գործընթացն այսօր շարունակւում է նոր թափով ու սպառնալիքների եւ մարտահրաւէրների նոր փաթեթով ու տարածքների ներգրաւմամբ: Սակայն վերջին գործողութիւնները իրականում աշխատում են որպէս բումերանգ, եւ առաջացող խնդիրներն այս պարագայում արդէն կարող են վերաբերել ոչ թէ Սիրիային, Իրաքին կամ Լիբանանին, այլ հէնց Թուրքիայի Հանրապետութեանը:

Ու քանի դեռ միջազգային յարաբերութիւնները շարունակում են կառուցուել կամային-քաղաքական եւ ոչ թէ իրաւական–քաղաքական հիմքերի վրայ` Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանը մնալու է որպէս մարդասիրական ճգնաժամերի, ագրեսիաների, բռնագաղթի, բնաջնջումների եւ այլեւայլ յանցագործութիւնների թիրախ ու թատերաբեմ:

Փաստ է, որ պատմական զարգացման բնականոն ընթացքը ոչ ոք չի կարող կանգնեցնել. անշուշտ փոփոխութիւններ լինելու են, սակայն դա չի նշանակում, թէ այդ ամէնը պէտք է կատարուի «հրի ու ջրի միջով» ժողովուրդներին անցկացնելու եղանակով:

Լուծումը մէկն է ու միակը:

Վաղուց հասունացել է պահը` սկսելու բացառապէս իրաւական եւ քաղաքական գործընթաց, որի նպատակը թուրքական զաւթիչ ուժերի դուրս բերումն է Հայաստանին միջազգային իրաւունքով պատկանող բռնագրաւուած տարածքներից, մասնաւորապէս` Արեւմտեան Հայաստանից եւ Կիլիկիայից: Եւ սա պէտք լինի նախաքայլ` յարգելու ու իրականացնելու տարածաշրջանի ժողովուրդներին` այդ թւում` հայերին ու քրդերին 1918-1920 թթ.-ին տրուած իրաւունքները: Միմիայն այսպէս է հնարաւոր հաստատել կայուն եւ երկարատեւ խաղաղութիւն ու խրախուսել համագործակցութիւն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետութիւնների միջեւ:

Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Վարչապետ

30.01.2018 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)