Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով պաշտոնազրկված Արամ Մկրտչյանի 2014 թվականի հուլիսի 21-ի հրավիրած Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստից եւ այդ նիստում անօրինական նշանակումներից, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակելուց հետո, նրա կողմից իբրեւ թե՝ իրավական ու քարոզչական մի գործընթաց է իրականացվում, որտեղ փորձ է արվում սեփականացնել Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության միանգամայն լեգիտիմ կարգավիճակը:
Ընդամենը հիշեցնենք, որ որպեսզի 2011 թվականին հայտարարվեր Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հռչակման մասին, մինչ այդ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը շուրջ 7 տարվա ճանապարհ պետք է անցներ, այդ թվում՝ 2006-ից ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների ձեւաչափում աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ ձեւավորելուց Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը:
Սեփական «լեգիտիմությունը» ապահովելը Արամ Մկրտչյանի համար դա մեկ օրվա, մեկ ապօրինի նիստի, մեկ անօրինական որոշման գործողություն է: Հաշվարկը կառուցված է անօրինականությունը թաքցնելու նպատակով հետագայում բուռն ու աղմկոտ գործողություններ իրականացնելու փաստի վրա, ընդ որում՝ այյդ ամենին անտեղյակ քաղաքացիների շրջանակներում: Սկզբունքը հետեւյալն է. «Սուտն ու կեղծիքը տարածենք, մնացյալը մեր գործը չէ, արդարացողը թող ճգնի արդարանալ»: Ճարպիկ մարտավարություն է, բայց ոչ խելամիտ, որովհետեւ հայտնի է՝ ստի ոտքերը կարճ են, շատ հեռու չես գնա դրանցով:
Թատերականացված այս ողջ կեղծիքի զոհերն են դառնում շատ պարկեշտ եւ ազնիվ հայեր աշխարհի տարբեր մասերում: Ուստի, մենք կրկին պարտավոր ենք մեր քաղաքացիներին զգուշացնելու հեռու մնալ այդ խմբակի անօրինական գործողություններից, որովհետեւ, ի վերջո, այդ ամենը հանգելու է ոչ թե ձեւական եւ անօրինական որոշումներ կայացնելու ու դրանք տարածելու փաստերին, ինչպես նրանք են անում, այլ իսկապես անօրինականությունը դատապարտելու եւ կասեցնելու գործողության անհրաժեշտության:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2014 թ. հունվարի 17-ից 20-ը կայացած առաջին գումարման առաջին նստաշրջանի նյութերը ամբողջովին քողազերծում ու բացահայտում են այդ խմբակի ապօրինի, սադրիչ եւ անօրինական գործունեության ողջ շղթան ու բնույթը: Լիովին բացահայտում մեկ օրվա «լեգիտիմությունը» խաղարկելու զավեշտն ու սնանկությունը:
Բնականաբար, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նպատակով ձեւավորված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը հաղթահարելու է այս հերթական սադրանքը եւս: Ըստ այդմ, հաջողությունն ու հաղթանակը մշտապես մեր ուղեկիցն է լինելու:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Լրատվական ծառայություն
16.11.2014 թ.
———————
Ծանոթագրություն
Այս թեմայով տես նաեւ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը — 25.08.2014:
Տես, Արեւմտյան Հայաստանի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին -26.08.2014:
Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը — 28.08.2014:
http://www.western-armenia-election.org/2014/Arevmdyan_Hayasdani_Khorhurtarani_Nakhaqahoutyan_vorochumner.htm