09:51 • 09.10.17
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել է Ստամբուլում անցած շաբաթ՝ անցած տարի տապալված հեղաշրջման պատասխանատու համարվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալութան առնչությամբ և նրա դեմ մեղադրանքները համարում է անհիմն և հակասող Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններին:
«Վերջին իրադարձությունները ստիպել են Միացյալ Նահանգների կառավարությանը վերագնահատել ԱՄՆ առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության հանձնառությունը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելուների թիվը կրճատելու համար մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային այցագրերի տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»,- ասված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում:
Այդ հայտարարությանը հաջորդել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հայտարարությունը, որը գրեթե նույնությամբ կրկնել է նախորդ հայտարարությունը՝ երկրների անունները փոփոխելով:
Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ հյուպատոսական աշխատակիցը Թուրքիայի քաղաքացի է եղել, ով ձերբակալվել է չորեքշաբթի՝ լրտեսության և Թուրքիայի սահմանադրական կարգին և իշխանությանը վնաս հասցնելու փորձերի մեղադրանքով:
http://www.tert.am/am/news/2017/10/09/turkey-visas/2505791