19:59 • 23.08.17
![](http://www.tert.am/news_images/822/2464609_1/842399.thumb.jpg)
-Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգի վերաբերյալ նախնական հայտարարության մեջ՝ ի թիվս այլ հարցերի, նշվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:
-Սպասվում են ինչ-ինչ բաներ, բայց դե հանդիպման հնարավոր արդյունքների մասին վաղ է խոսել: Մանավանդ, որ նախնական շատ տեղեկություններ չեն հայտնվում:
-Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում՝ այս հանդիպումը կարելի՞ է անվանել հերթական, պարիտետային՝ հաշվի առնելով, որ ՌԴ նախագահը մեկ ամիս առաջ հանդիպեց Իլհամ Ալիևին:
-Կարծում եմ, որ քննարկվելու են բավականին նուրբ հարցեր, որոնց մասին կարելի է միմիայն ենթադրություններ անել:
— Չէ՞, որ արդեն հաղորդվել է, որ քննարկվելու է Ղարաբաղյան հիմնախնդիրը:
-Կա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 10-15 տարբերակ, բայց թե դրանցից որը կքննարկվի, չի ասվում, չեմ կարող ենթադրել:
-Մեզ մոտ արդեն իսկ վերլուծություններ կան, որ հանդիպման կարևորագույն արդյունքը կլինի բանակցային գործընթացի վերսկսումը: Հնարավո՞ր եք համարում, որ դրա նախաձեռնողը լինի ՌԴ նախագահը:
— Քաղաքագետները շատ բան կարող են ասել, գրել, բայց ես նման բան պնդելու հիմքեր չունեմ: Եվ նաև որևէ փաստ չունենք՝ ասելու, որ Մոսկվան սկսում է այս հարցում ինքնուրույն խաղ խաղալ:
-Մոտ մեկ ամիս առաջ կայացավ նաև Պուտին-Ալիև հանդիպումը: Որո՞նք էին այդ հանդիպման արդյունքները:
-Այդ հանդիպմանն ամեն ինչ քննարկվել է, Ղարաբաղից բացի: Քննարկվել են Մերձավոր Արևելքին առնչվող հարցեր. Քուրդիստան, Թուրքիա, Իրան, և Ադրբեջանի պահվածքը: Ղարաբաղն առհասարակ չի քննարկվել:
— Չե՞ք կարծում, որ խոսք կարող է լինել աշնանը Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման օրակարգի վերաբերյալ որոշ շեշտադրումների մասին:
— Օրակարգը Վլադիմիր Վլադիմիրովիչը չի ձևավորում, դա փորձում է անել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և հաստատ կարող եմ ասել, որ Ռուսաստանն օրակարգ առաջ չի քաշում:
-Փորձագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ 2016 թվականի ապրիլին հայկական կողմը կորցրեց Ստեփանակերտը բանակցային սեղանին վերադարձնելու հնարավորությունը: Դո՞ւք ինչ կարծիքի եք:
— Ապրիլյան պատերազմից հետո պետք էր այնպես անել, որ Ղարաբաղը դառնար բանակցային կողմ, կամ՝ ընդհանրապես պետք է հրաժարվեիք բանակցություններից:
-Ամեն դեպքում, Ձեր գնահատմամբ՝ ո՞րը կարող է լինել Սոչիի հանդիպման ամենաիրատեսական արդյունքը:
— Այսօրվա իրողությունների արդյունքների մասով ասեմ. երկակի ստանդարտների ժամանակներն ավարտվել են: Երևանը պետք է աշխատի հստակ, պետք է իմանա՝ ով է իր թշնամին, ով՝ բարեկամը: Իսկ այլ կերպ չի ստացվում, այսօր մեկը բարեկամ է, մյուսը՝ թշնամի, իսկ վաղը՝ հակառակը: Հերիք է, այս մարտավարության ժամանակներն ավարտվել են: Մի օր ամերիկացին, մի օր ռուսը, մի օր գրկախառնվել թուրքերի հետ:
-Այսինքն՝ համարում եք, որ Երևանի համար այլևս վերջացե՞լ են կոմպլեմենտար քաղաքականության ժամանակները:
— Չեն վերջացել, բայց Երևանն ավելի հստակ պետք է հանդես գա: Իսկ «վերջը» դեռ միայն սկսվում է:
-Կարո՞ղ ենք ենթադրել, թե նկատի ունեք, որ ռուս-ամերիկյան սառը պատերազմում Հայաստանը պետք է անցնի ինչ-որ մեկի կողմը:
— Ամերիկան հեռու է, Ռուսաստանը չէ, Թուրքիան մոտ է, Ադրբեջանը՝ նույնպես: Ի՞նչ ԱՄՆ:
-Իսկ Ռուսաստանը երկակի ստանդարտների քաղաքականություն չի՞ վարում:
-Լսեք, մենք միայն 19-րդ դարում այդտեղ երկու պատերազմ ենք շահել. ռուս թուրքական և ռուս-իրանական:
-Պարո՛ն Տարասով, այս օրերին հրատապ դարձավ մեկ այլ թեմա ևս. Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստվում է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային համաձայնագիրը: Որքանո՞վ է դա հնարավոր:
— Նրանք ինչպե՞ս կարող են ստորագրել, եթե Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է: Եվ մինչև նրանք հայերի հետ չպայմանավորվեն, ոչինչ չեն կարող ստորագրել: Նրանք՝ թուրքերն, ուղղակի «զոնդաժային ցատկ» են անում, և մենք էլ նախազգուշացնում ենք՝ գնացեք, պայմանավորվեք հայերի հետ, որը միակ ԵԱՏՄ երկիրն է, որ սահմանակից է Թուրքիային: Ադրբեջանը սահմանակից չէ, Իրանը սահմանակից չէ: Այնպես որ, պետք է պայմանավորվել Երևանի հետ… Այլապես, հակառակը, ոչինչ չի ստացվի:
-Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումն այս հարցում:
-Կարծում եմ՝ Սերժ Ազատին մշտապես մտածում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին:Եվ սա, ըստ իս, երկու օրվա, երկու շաբաթվա խնդիր է: Իսկ թուրքերին ավելի լավ է հայերի հետ գործ ունենալ, քան քրդերի: Նրանք դա հասկացել են, քանի որ քրդերի հետ չի ստացվում:
http://www.tert.am/am/news/2017/08/23/Tarasov/2464609