Իզմիրի հայությունը 95 տարվա դադարից հետո առաջին անգամ պատարագի է մասնակցել տեղի եկեղեցիներից մեկում

16:12 • 15.08.17

Թուրքիայի Իզմիր (պատմական Զմյուռնիա – tert.am) քաղաքում զմյուռնիացի հայերը 95 տարվա դադարից հետո առաջին անգամ պատարագի են մասնակցել, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Իզմիրի Սուրբ Յոհաննա եկեղեցում մատուցված պատարագին, ըստ լրատվամիջոցների, մասնակցել է շուրջ 150 մարդ:

Նշենք, որ սա Իզմիրի հայության առաջին հանդիպումն է քաղաքի 1922թ.-ի հրդեհից հետո:

Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբերին:

Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա:

Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչության 60 տոկոսը եղել են հայեր, հույներ և հրեաներ:

 

http://www.tert.am/am/news/2017/08/15/izmir/2457941

error

Enjoy this blog? Please spread the word :)