15:22 • 15.08.17
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց սփյուռքի նախարարության Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
«Մենք 8-9 տարիների ընթացքում կատարել ենք հաշվառում սփյուռքյան տարբեր համայնքներում: Մենք գիտենք, թե որտեղ որքան բժիշկ, իրավաբան, պատմաբան և այլ մասնագիտությունների հայրենակիցներ ունենք: Մենք բոլոր այդ նշանավոր հայերին ուղարկել ենք հայտեր և ներկայացրել ենք, թե ինչ է տեղի ունենալու և խնդրել ենք պատասխանել իրենց հնարավոր մասնակցության վերաբերյալ: Ստացել ենք 8200 պատասխան, որով հաստատել են, որ ներկա են լինելու»,- ասաց նա:
Ըստ նրա՝ համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Ներկա են լինելու նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:
Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ համաժողովին ընդառաջ իրենք սփյուռքի տարբեր ներկայացուցիչների հետ շփվելով՝ փորձել են պարզել, թե ինչ խնդիրներ են մտահոգում նրանց, ճշտել նրանց կարիքները:
«Այս տարվա համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Թե ինչպիսի լուծումներ կտրվեն դրան, ինչ ժամանակում կստեղծվի այն, չենք կարող ասել»,- ասաց նա:
Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ համաժողովի կարևորագույն նպատակներից է պարզել համահայկական այն օրակարգը, որի շուրջ պետք է հայկական բոլոր կառույցները համախմբվեն:
«Առաջնային խնդիրներից է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ աշխատանքների քննարկումը, երկրորդը Հայոց ցեղասպանության ճանաչումն է և այլն: Մի քանի կարևորագույն խնդիրներ կան, որոնք պետք է քննարկվեն, լուծումներ առաջարկվեն»,- ասաց նա:
http://www.tert.am/am/news/2017/08/15/firdus/2457895