«Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների»

«Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների»

Ռալֆ Պիտերս. «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների»

Իրաքի եւ վերջերս նաեւ Լիբանանի վրա կատարված հարձակումների առնչությամբ արեւմտյան մամուլում հաճախակի է շոշափվում «Նոր Մերձավոր Արեւելք» հասկացությունը: Ինչպիսի՞ն է լինելու այն, ի՞նչ պետություններ են հայտնվելու, ովքե՞ր են տուժելու եւ ովքե՞ր շահելու: Այս եւ այլ հարցերի պատասխանը կարելի է գտնել համացանցի «Զինյալ ուժերի հանդես» (ՙArmed Forces Journal՚) կայքէջում օգոստոսի 20-ին տեղադրված Ռալֆ Պիտերսի ստորեւ թարգմանաբար ներկայացվող թեեւ առայժմ հիպոթետիկ, բայց խիստ հետաքրքրական հոդվածում: Թե ինչքանով հնարավոր կլինի իրականացնել այդ վարկածը, ցույց կտա ապագան: Ինչպես պիտի նկատի ընթերցողը, Հայաստանը, թեեւ «շահող» երկրների ցանկում է գտնվում, սակայն, ըստ քարտեզի, ընդամենը Արարատ լեռով մի փոքր հատված է «ստանում» առանց Արցախի, փոխարենը «զրկվում է» իր հարավային հարեւան Իրանից, իսկ արեւմուտքում Թուրքիային փոխարինելու է գալիս Արեւմտյան Հայաստանով «ուռճացված» Ազատ Քուրդիստանը, որին ելք է տրվում դեպի Սեւ ծով…

(թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.)

———————————

Միջազգային սահմանները երբեք էլ ամբողջովին արդար չեն եղել: Բայց այս կամ այն երկրին պարտադրված անարդարության աստիճանը (որով նրան ստիպել են միանալ մեկին եւ անջատվել ուրիշից) չափազանց տարբեր է եղել: Այնքան տարբեր, որքան ասենք անկախությունը բռնատիրությունից, օրենքի իշխանությունը` ահաբեկչությունից, հանդուրժողականությունը` դաժանությունից եւ նույնիսկ խաղաղությունը` պատերազմից:

Աշխարհում ամենախեղաթյուրված եւ քմահաճ սահմանները գտնվում են Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Աֆրիկայի սահմանները, գծված ժամանակին եսապաշտ եվրոպացիների կողմից, որոնք կդժվարանային անգամ իրենց սեփական պետության սահմանները հստակեցնել, շարունակում են միջպետական կռիվների տեղիք տալ եւ տեղացի բնակչության մահվան պատճառ դառնալ: Իսկ Մերձավոր Արեւելքում Չերչիլի որակած «անարդար սահմանները» առաջացնում են առավել բարդ խնդիրներ, որոնց լուծումը վեր է տեղական իշխանությունների հնարավորություններից:

Հասկանալի է, որ այնտեղ այլ խնդիրներ կան եւս (մշակութային լճացում, սկանդալային չափսերի հասնող սոցիալական անհավասարություն, կրոնական ծայրահեղություն եւ այլն), սակայն տարածաշրջանը ճիշտ չըմբռնելու խնդիրը պայմանավորված է առաջին հերթին մեր դիվանագետների պաշտած «սրբության սրբոց» կամ «մեծագույն տաբու» համարվող սահմաններով:

Իհարկե սահմանների ոչ մի վերանայում չի կարող Մերձավոր Արեւելքի բոլոր փոքրամասնություններին գոհունակություն պարգեւել: Որոշ դեպքերում էթնիկական եւ կրոնական խմբավորումները միաձուլվել են եւ գոհ են արդյունքից: Այլ դեպքերում արյունակցական կամ հավատի նույնության գործոնը այնքան էլ բավարար ազդեցություն չի թողել մարդկանց վրա:

Այս հոդվածին կից ներկայացվող քարտեզում փորձ է արված վերանայելու ամենաշատ տուժած կամ «խաբված» խմբավորումների վիճակը: Դրանց թվում են քուրդերը, բելուջները եւ արաբ շիաները: Բայց տարածաշրջանի քրիստոնյաների (բահայիները, իսմայելացիները, նաքշբանդիները) վիճակը այնքան էլ ճիշտ չի ներկայացված: Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ:

Այդուհանդերձ, ինչքան էլ մեր պատկերացմամբ կազմված նոր քարտեզը թերություններ ունենա, առանց սահմանները վերագծելու մենք երբեք խաղաղություն չենք տեսնի Մերձավոր Արեւելքում:

Նույնիսկ նրանք, ովքեր զզվում են սահմանները վերափոխելու թեմայից, ճիշտ կլիներ զբաղվեին եթե ոչ կատարյալ, համենայն դեպս ավելի արդար սահմանների մշակումով` հատկապես Բոսֆորից Ինդոս ընկած տարածաշրջանում: Ընդունելով, որ պետության կայացման միջազգային նորմերը այդ սխալ սահմանները ուղղելու արդյունավետ մեխանիզմները չեն ստեղծել, համենայնդեպս Մերձավոր Արեւելքի «օրգանական» սահմանները հասկանալու մտավոր ջանքերն օգնում են մեզ հասկանալու, թե այդ հարցում ինչ դժվարությունների առաջ ենք կանգնած եւ կանգնելու հետագայում: Մենք գործ ենք ունենալու կոթողային, մարդու ձեռամբ ստեղծված «այլանդակությունների» հետ, որոնք մինչեւ չսրբագրվեն, շարունակելու են ատելություն եւ թշնամանք սերմանել:

Իսկ բոլոր նրանց, ովքեր մերժում են «պատկերացնել աներեւակայելին»` հայտարարելով, թե սահմանները վերջնական են եւ անփոփոխ, արժե հիշեցնել, որ սահմանները երբեք էլ ստատիկ, կայուն չեն եղել: Դարերի ընթացքում փոխվել են եւ հիմա էլ են փոխվում (Կոնգոյից սկսած մինչեւ Կոսովո եւ Կովկաս):

Հիշենք նաեւ 5 հազար տարվա վաղեմության մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: էթնիկական զտումն իր գործն անում է:

Սկսենք Ամերիկայի ընթերցողի համար սահմանային ամենազգայուն թեմայից: Որպեսզի Իսրայելը իր հարեւանների հետ խաղաղ ապրելու հույս ունենա, նա պետք է վերադառնա իր 1967-ից առաջվա սահմաններին (չնչին տեղական շտկումներով` սոսկ անվտանգության մղումներով): Բայց հազարավոր տարիներ արյամբ շաղախված Երուսաղեմն ու շրջապատող տարածքները պետք է մնան (առայժմ) անձեռնմխելի, դրանք մեզ համար դժվար մշակելի խնդիրներ են, քանի որ յուրաքանչյուր կողմ իր Աստվածը դարձրել է «անշարժ գույքի մի մագնատ»: Յուրաքանչյուր հողակտորի համար լուրջ պայքար է գնում, որը մոռացության է մատնում նավթի կամ էթնիկական մյուս կռիվները: Այնպես որ միաժամանակ թողնելով այդ հատվածը, զբաղվենք անտեսված մյուս տարածքների լուծումով:

Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է: Մերձավոր Արեւելքի սահմանամերձ տարածքներում ապրում են 27-36 միլիոն քրդեր (թվերը ճիշտ չեն կարող լինել, քանի որ ոչ մի երկիր ցարդ ազնիվ մարդահամար չի անցկացրել): Բայց նույնիսկ նվազագույն հաշվարկներով ներկա Իրաքի բնակչությունից ավելի լինելով, աշխարհի էթնիկական այս ամենամեծ խմբավորումը մինչեւ օրս չունի իր պետությունը: Ավելին, Քսենոֆոնի ժամանակներից սկսած այդ ժողովուրդը ամենուրեք ճնշված է եղել ամենատարբեր կառավարությունների կողմից:

Մ. Նահանգներն ու նրա կոալիցիոն դաշնակիցները Բաղդադի անկումից հետո հրաշալի առիթ բաց թողեցին ուղղելու այս հնարավորությունը: Իրաքի ֆրանկենշտենյան հրեշ պետությունը, որն ստեղծված է իրար չհամապատասխանող մասերից, պետք է անմիջապես բաժանվեր երեք մասերի: Անհեռատես լինելու հետեւանքով, գուցե եւ վախկոտությունից դրդված, չկատարեցինք այդ քայլը եւ մղեցինք քրդերին, որ պաշտպանեն Իրաքի նոր կառավարությունը: Նրանք կատարեցին մեր խնդրանքը, բայց եթե ազատ հանրաքվե անցկացվի, նրանց մոտ 100 տոկոսը կքվեարկի հօգուտ անկախության:

Նույնը կանեն նաեւ Թուրքիայի տառապյալ քրդերը, որոնք տասնամյակներ շարունակ հանդուրժել են կատաղի զինվորական ճնշումներն ու «լեռնցի թուրք» նվաստացուցիչ պիտակը, որի նպատակն է մոռացնել տալ նրանց ինքնությունը: Հանդարտության կարճ ժամանակահատվածից հետո վերջերս դարձյալ ուժգնացել են ճնշումները եւ Թուրքիայի արեւելյան այդ 5-րդ մասը պետք է համարել գրավյալ (օկուպացված) տարածք:

Ինչ վերաբերում է Սիրիայի եւ Իրանի քրդերին, նրանք էլ անկասկած կմիանան իրենց ազգակիցներին, եթե կարողանան, անկախ Քուրդիստանում: Աշխարհի օրինական ժողովրդավարական պետությունների հրաժարվելը կամ դժվարությունը մինչեւ օրս քրդական անկախությանը հետամուտ լինելու որոշումից պարզապես մարդու իրավունքների անտեսման մեղանչանքն է, որն անհամեմատ վատ է, քան բոլոր այն մեղքերը, որ մենք առօրյա մամուլում հանդիպում ենք: Ի դեպ, Դիարբեքիրից մինչեւ Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաեւ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնվող ամենաարեւմտամետ պետությունը:

Ճիշտ ու արդարացի մոտեցումն այդ տարածքում, սուննիներով բնակեցված Իրաքի երեք շրջաններին կտար հնարավորություն միանալու Սիրիային, որն իր առափնյա տարածքները կորցնելու է ի նպաստ Մեծ Լիբանանի` վերածնված փյունիկի: Իսկ շիաներով բնակեցված Իրաքի հարավային հատվածը հիմք կհանդիսանար ստեղծել մի նոր` Արաբական Շիա պետություն` օղակելով Պարսից ծոցի մեծ մասն իր մեջ: Հորդանանը կպահպանի իր ներկա սահմանները, մի փոքր տարածվելով դեպի հարավ` ի հաշիվ Սաուդյան Արաբիայի: Վերջինս իր հերթին մեծապես կտուժի, ինչպես Պակիստանն իր ժամանակին: Մահմեդական աշխարհի խորը լճացման պատճառներից մեկն էլ Սաուդյան արքայական ընտանիքի ավատապետական վերաբերմունքն է Մեքքա եւ Մեդինա քաղաքների հանդեպ: Ոստիկանական պետության հսկողությունը սահմանելով իսլամի այդ ամենասուրբ վայրերի վրա, աշխարհի ամենամոլեռանդ եւ բռնապետական վարչակարգերից` Սաուդյան թագավորությունը, որը նաեւ հսկայական նավթային հարստության տերն է, կարողացել է իր վահաբական գաղափարախոսությունը տարածել իր սահմաններից դուրս: Սաուդցիների հարստության, հետեւաբար նաեւ ազդեցիկ իշխանության հասնելը ամենամեծ դժբախտությունն է ընդհանրապես մահմեդական (սկսած Մարգարեի ժամանակներից) եւ մասնավորապես արաբական աշխարհի համար (սկսած օսմանյան, եթե ոչ մոնղոլական նվաճումներից):

Ընդունելով, որ նման սրբավայրերի հսկողությունը ոչ մահմեդական երկրները չեն կարող իրականացնել, մի պահ պատկերացնենք, թե ինչ առողջ մթնոլորտ կարող էր իշխել մահմեդական աշխարհում, եթե երբեւէ այդ երկու սրբազան քաղաքները գտնվեին մահմեդական աշխարհի տարբեր ուղությունների ներկայացուցիչներից կազմված խորհրդի շրջուն կամ հերթագայող հսկողության տակ: Դա կկոչվեր Իսլամական Արաբական Պետություն եւ կնմանվեր Վատիկանին, որտեղ հնարավոր կլիներ հավատի վերաբերյալ քննարկումներ անցկացնել, բայց ոչ պարտադրել: Իսկական արդարության (որը մեզ կարող է դուր չգալ) պայմաններում Սաուդյան Արաբիայի առափնյա նավթադաշտերը պետք է հանձնվեն շիա արաբներին, որոնք այդ տարածքի բնակիչներն են, իսկ հարավարեւելյան տարածքները` Եմենին: Ռիադի եւ շրջակա անկախ տարածքների տիրությամբ սահմանափակված Սաուդյան Տունը այդ դեպքում քիչ վնաս կկարողանա հասցնել մահմեդականությանը եւ աշխարհին:

Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին, Ազատ Քուրդիստանին, Արաբական Շիա պետությանը եւ Ազատ Բելուջստանին: Բայց ձեռք կբերի Աֆղանստանի տարածքում գտնվող Հերաթի նահանգները, որոնք Պարսկաստանի հետ պատմական եւ լեզվական առնչություններ ունեն: Իրանն այդպիսով կդառնա էթնիկական առումով զուտ պարսկական պետություն: Հարցական կմնա միայն «Բանդար Աբբասի» նավահանգստի հարցը: Պե՞տք է այն Արաբական Շիա պետությանը, դժվար խնդիր է:

Գալով Աֆղանստանին, այն ինչ կորցնելու է արեւմուտքում, շահելու է արեւելքում Պակիստանից, որի հյուսիս-արեւմտյան սահմանի ցեղերը միանալու են իրենց աֆղան եղբայրներին: Խնդիրն այստեղ ոչ թե մեր ցանկությամբ սահմանները փոփոխելն է, այլ տեղացի բնակչության ցանկությունները հաշվի առնելը: Պակիստանը, ճիշտ է, կկորցնի իր Բելուջի տարածքը, սակայն անբնականից կդառնա ՙբնական՚ մի պետություն` Ինդոսի արեւելյան մասում:

Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաք-պետությունների ճակատագիրը տարբեր է լինելու: Նրանցից ոմանք գուցե միանան Արաբական Շիա պետությանը: Քանի որ բոլոր պուրիտանական մշակույթներն էլ երկերեսանի, կամ կեղծ բարեպաշտական բնույթ ունեն, Դուբային կթույլատրվի պահպանել «հարուստ անառակների խաղավայրը» լինելու իր կարգավիճակը: Քուվեյթն ու Օմանը նույնպես կպահպանեն իրենց ներկա սահմանները: Սահմանների վերագծման մեր այս ենթադրական վարկածի հիմքում ընկած են էթնիկական եւ կրոնական ընդհանրությունները: Ուսումնասիրելով առաջարկված տարբերակը եւ համեմատելով այն ներկայիս գործող սահմանների հետ, մենք կտեսնենք այն մեծ սխալները, որ 20-րդ դարում գործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները այս տարածքում: Մի տարածք, որը փորձում էր նվաստացումներից ու պարտություններից հետո ոտքի կանգնել:

Ժողովուրդների կամքը արտահայտելու նպատակով սահմաններ ճշգրտելը գուցե անկարելի թվա: Առնվազն ժամանակավորապես: Բայց վստահ ենք, ժամանակի ընթացքում այդ նոր ու բնական սահմանները իրականություն դառնալու են:

Մինչ այդ մեր համազգեստ հագած տղամարդիկ եւ կանայք շարունակելու են պայքարն ընդդեմ ահաբեկչության եւ հանուն անվտանգության ու ժողովրդավարության: Ներկա պարտադրված միությունների (Անկարա եւ Կարաչի) առկայությունն անգամ բերրի հող է կրոնական ծայրահեղությունների եւ ահաբեկչական խմբավորումների կազմավորման համար:

Խեղաթյուրված սահմանների ներկա դրությունը իրավիճակի ավելի վատթարացում քան բարելավում է խոստանում: Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները ու մասնավորապես մեր զինված ուժերը անընդհատ նորանոր ճգնաժամերի են ականատես լինելու այս տարածաշրջանում, որտեղ գերիշխում են ազգայնամոլության եւ ծայրահեղականության վատթարագույն տարրերը: Եթե Իրաքը ինչ-որ հույս է ներշնչում, այն էլ եթե ժամանակից շուտ չհեռանանք այնտեղից, ապա մյուս պետությունները միայն խնդիրներ են առաջացնելու հնարավոր բոլոր ճակատներում:

———————————

Ովքե՞ր են շահելու նոր սահմաններից

Աֆղանստանը, Արաբական Շիա պետությունը, Հայաստանը, Ադրբեջանը, Անկախ Բելուջստանը, Անկախ Քուրդիստանը, Իրանը, Իսլամական Սուրբ Պետությունը, Հորդանանը, Լիբանանը եւ Եմենը:

Ովքե՞ր են կորցնելու

Աֆղանստանը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Քուվեյթը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Արեւմտյան Ափը:

 

error

Enjoy this blog? Please spread the word :)